ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բերման է ենթարկվել
18/7/2025 19:37

Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։
Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է պատգամավորի որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Այդ պահին տանը չեմ եղել, չգիտեմ՝ ինչ հիմանավորմամբ են բերման ենթարկել հորս։ Գիտեմ, որ ինչ–որ թուղթ են ներկայացրել»,– ասել է Սամվել Հակոբյանը։
Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով.
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։
2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: