Երկիրը կարող է հայտնվել ռազմավարական ռիսկերի բախման առաջ

20/8/2025 15:37

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանյան այցն ամփոփելով հիշեցրեց՝ «Մեր մտահոգությունները ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծվեն»,- քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է գրել այս մասին. «Այս խոսքերը հուշում են, որ Երևանի բացատրությունները չփարատեցին Թեհրանի կասկածները։ Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։ Թեև Երևանում ստորագրվեց մոտ տասնյակ փաստաթուղթ՝ ներառելով տարբեր ոլորտներ, դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին և չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։ Ահա թե ինչու հայ-իրանական հարաբերությունների վրա շարունակում է մնալ անվստահության ստվերը։ Այս ամենը նաև հետևանք է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության․ Հայաստանը աստիճանաբար կորցնում է վստահությունը արտաքին աշխարհում։ Խաղաղության ու ապաշրջափակման խոստումների փոխարեն կարող ենք ստանալ արտաքին մեկուսացում։ Հայաստանի գլխավոր մարտահրավերը կայանում է այն բանում, թե ինչպես համադրել Վաշինգտոնում ստանձնած նոր պարտավորություններն ու ակնկալիքները Իրանի հետ կառուցողական հարաբերությունների պահպանման անհրաժեշտության հետ։ Եթե Երևանը չկարողանա ապահովել այդ նուրբ համադրությունը, ապա մեր երկիրը կարող է հայտնվել լուրջ ճնշումների և ռազմավարական ռիսկերի բախման առաջ»,- գրել է նա: