Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

21/8/2025 17:12

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից: Ս.Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր: