Միջանցքի մասին ստորագրած համաձայնագիրը գաղտնի է պահվում

22/8/2025 09:23

Փաշինյանը հանրությունից գաղտնի է պահում զանգեզուրյան միջանցքի մասին ստորագրած համաձայնագիրը` հերթական անգամ խաբելով հայ ժողովրդին,- գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, բացի ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Եռակողմ հռչակագրից, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմամի երեք հուշագիր. 1) «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին. 2) Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին. 3) Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին: ԻՍԿ ՀԻՄԱ ՈւՇԱԴԻՐ. Այս երեք հուշագրերից, որոնք Փաշինյանն ու նրա քարոզչական մեքենան գիշեր-ցերեկ թմբկահարում են որպես մեծ նվաճում, այս երեք հուշագրերից և ՈՉ ՄԵԿՆ ահա, ՍՏՈՐԱԳՐՈւՄԻՑ 12 ՕՐ ԱՆՑ, չի ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ: Օգոստոսի 21-ին տված ասուլիսում Փաշինյանը փորձում էր ձևեր թափել, թե Վաշինգտոնյան համաձայնության ամբողջ բովանդակությունը բացված է մեկ-էջանոց ԵՌԱԿՈՂՄ ՀՌՉԱԿԱԳՐԻ մեջ, և առաջարկում էր մեր հանրությանը ձեռք բերված համաձայնությունների մասին դատել` հիմնվեկով եռակողմ հռչակագրի տեքստի վրա: Այստեղ է թաղված Փաշինյանի նոր Մեծ Խաբեության շան գլուխը: Բան այն է, որ Զանգեզուրյան միջանցքի 99-տարվա վարձակալության մասին գործարքը նկարագրված է հենց 1)-ին հուշագրի մեջ, որի տեքստը թաքցնում են հայ ժողովրդից: 2)-րդ և 3)-րդ հուշագրերը չեն հրապարակվում այն պատճառով, որ դրանց գաղտնազերծման դեպքում` է´լ ավելի կցցվեր այն հանգամանքը, որ չի հրապարակվում առաջին հուշագրի տեքստը: Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է իրեն դեմոկրատական և թափանցիկ իշխանություն հորջորջող Փաշինյանի ռեժիմը այդքան բացայտ արհամարհել սեփական ժողովրդին և հանրությանը: Հայոց լրատվամիջոցներին հորդորում եմ պահանջել կառավարությունից պատասխանել հետևյալ պարզ հարցերին: 1. Ինչպե՞ս են ձևակերպված 99 տարով Ադրբեջանը Նախիջևանին կապող հայկական տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանները ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին» ՀՀ և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստում: 2. Արդյո՞ք վերոհիշյալ հուշագրերը գաղտնագրվել են որևէ պետական մարմնի կողմից համաձայն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի, ո՞ր պետական մարմինն է գաղտնագրել հուշագրերը և ի՞նչ հիմնավորմամբ: 3. Եթե գաղտնագրված չեն, ապա ի՞նչու չեն հրապարակվել, ստորագրումից արդեն 12 օր անց»։