«Կախիչ օպերացիայից» հետո պետությունը մոտ 120 մլն դոլար է կորցրել
22/8/2025 17:53
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դպրոցների և ճանապարհների շինարարությանը, նշել է, որ կառավարության որոշ սխալ քայլեր բերել են հսկայական ֆինանսական կորուստների։
Նրա խոսքով՝ մինչ 2020 թվականը դպրոցների շինարարությունը շարունակվում էր նորմալ ընթացքով․ վարկեր էին ներգրավվում, նախագծերը հաստատվում և իրականացվում էին նախատեսված արժեքներով:
«Մինչև 2020 թվականն ամեն ինչ նորմալ էր ընթանում․ դպրոցները կառուցվում էին վարկային ծրագրերով։ Բայց երկրի ղեկավարի՝ դպրոցներ այցելելուց հետո տեղի ունեցավ հայտնի «կախիչ օպերացիան»։ Փաշինյանը քաշեց կախիչը, այն ընկավ, նա խիստ նկատողություններ տվեց, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին աշխատանքից հեռացրեց։ Այդ շոուից հետո մեկ ամսվա ընթացքում մրցույթների գները մեկ դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ մինչ այդ մեկ դպրոց կառուցվում էր մոտ 900 մլն դրամով, իսկ նույն նախագծով հետագայում նույն դպրոցը սկսեց արժենալ արդեն 1.4 մլրդ դրամ։