Զիփլայնի հարթակից քաղաքացի է ընկել

25/8/2025 12:44

Օգոստոսի 24-ին, ժամը 16։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։ Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Դեպքի վերաբերյալ «Յելլ Էքստրիմ Պարկ»–ը պարզաբանում է տարածել, որտեղ նշել է. «1. Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։ Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։ Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։ Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։ Յելլ Էքստրիմ Պարկում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ»։ Նշենք, որ քաղաքացին տեղափոխվել է Երեւանի թիվ 1 հիվանդանոց, քանի որ Իջեւանի ԲԿ–ն չունի КТ–ի սարքավորում։ Ընկնողը 22-23 տարեկան աղջիկ է։