Ալիևը հայտարարել է՝ երբ կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր
27/8/2025 12:09

Հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր. այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել են Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ:
«Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։ Պաշտոնապես, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:
«Ինչքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Սակայն այս փաստաթղթի նախաստորագրման փաստը Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ընդհատումներով տևում է ավելի քան երեսուն տարի։ Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար»,- ընդգծել է Ալիևը: