«Զանգեզուրի միջանցքը» վերցնելու հնարավորություն ունեինք. Ալիև

27/8/2025 13:06

Որոշ ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից իբր պատրաստվող Զանգեզուրի օկուպացիայի մասին։ Այն մասին, թե իբր Ադրբեջանը ծրագրում է փակել իրանա-հայկական սահմանը։ Դա բացարձակ սուտ էր,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Al Arabiya-ին տված հարցազրույցում։ «Մենք նման մտադրություն չունեինք։ Կրկին, եթե մենք ցանկանայինք դա անել, մենք դա կանեինք 2020 թվականի նոյեմբերին: Եվ դա շատ հեշտ կլիներ: Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելը դժվար չէր։ Ի վերջո, երթուղու երկարությունը ընդամենը 40 կիլոմետր է: Ռազմական տեսանկյունից դա շատ ժամանակ չէր պահանջի։ Պարզապես պետք է գնալ երկու կողմերից՝ Նախիջևանից և Ադրբեջանի հիմնական մասից, և վերցնել այն»,- ասել է Ալիևը: Մենք դա չարեցինք, քանի որ մենք ագրեսոր չենք։ Ուստի, այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ բոլոր այն լուրերը, թե մենք ծրագրել ենք փակել հայ-իրանական սահմանը, բացարձակապես անհիմն են։ Բոլորը դա գիտեն։ Ի դեպ, այս հինգ տարիների ընթացքում, երբ Հայաստանը «արգելափակել էր «Զանգեզուրի միջանցքի» բացումը», մենք Իրանի կառավարության հետ, կրկին միջկառավարական մակարդակով, պայմանավորվեցինք Իրանի տարածքով շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին»,- ավելացրել է Ալիևը: