Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա

29/8/2025 09:43

Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով,- քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է գրում․ «Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ հայտարարել է․ «Իմ դիրքորոշումները Եկեղեցու վերաբերյալ որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»։ Սա ուղիղ հակասահմանադրական մոտեցում է․ պետությունն ու եկեղեցին Հայաստանում տարանջատված են, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ իր բացառիկ առաքելությամբ։ Վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին ոտնահարում է այդ սկզբունքները և վտանգում պետական ու հոգևոր ինստիտուտների միջև սահմանագիծը։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարում է Վաղարշապատում նախատեսվող հանրահավաքի մասին։ Չի կարելի անտեսել, որ նույն քաղաքում նոյեմբերի 16-ին նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ։ Սա հիմք է ենթադրելու, որ հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր-նոյեմբերին կարող է ծառայեցվել նաև որպես ընտրական տեխնոլոգիա՝ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայի համար։ Սա, իհարկե, վարկած է, բայց լիովին տեղավորվում է գործող իշխանության հայտնի գործելակերպի տրամաբանության մեջ։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առավել քան երբևէ կարևոր է ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին։ Սա ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց է, այլև համազգային խնդիր՝ Եկեղեցու պաշտպանությամբ և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով»։