ԵԱՀԿ Մինսկի խումբը փակվեց

1/9/2025 15:40

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները: Կառույցը լուծարելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Անվավեր է ճանաչվել ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նախկինում ընդունված բոլոր որոշումները»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել են Նախարարների խորհրդի կողմից Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչից հետո Մինսկի գործընթացը վերացնելու և դրան առնչվող կառույցները փակելու որոշման ընդունումը. այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պատմական համաձայնագրերի կնքման, ինչպես նաև դրանց արագ իրականացմանն անցնելու համար նրանց քաջ որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքեցի նրանց համատեղ դիմումին և կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին այս գործընթացում նրանց արդյունավետ համագործակցության համար։ Ես նաև կցանկանայի հարգանքի տուրք մատուցել մասնակից պետություններին՝ այս կոնսենսուսի հասնելու գործում համագործակցության ոգու համար»,- ասել է Վալտոնենը։ Մինիստրների խորհրդի այս որոշումը հաջորդել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված համատեղ հռչակագրին։ Նախարարների խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունների կոնսենսուսով։ «Սա պատմական իրադարձություն է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը՝ նույնիսկ տասնամյակների կոնֆլիկտից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնություն հնարավոր է, երբ կողմերը ձգտում են փոխըմբռնում գտնել»,- հայտարարել է գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն։ ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել են իրենց անսասան հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք կհանգեցնեն կայուն խաղաղության և կայունության Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար։ Այս որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացն ու դրան առնչվող կառույցները փակելու համար։ Մինչև գործընթացի ավարտը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, կշարունակվեն միայն վարչական գործառույթները, ինչպիսիք են ակտիվների և սարքավորումների փոխանցումը։