Գերիների շրջանում եղել են ինքնաuպանnւթյան փորձեր

3/9/2025 15:04

«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր»,- այս մասին «Ազատությանն» այսօր հայտնել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում: «Ցավոք, չեմ կարող որոշակիացնել... Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ»,- ասել է իրավապաշտպանը: Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանն ահազանգում է՝ գերիները շուրջ երկու ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում: «Այս օրերին տեղի են ունեցել հեռախոսազանգեր, և ընտանիքները մեզ փոխանցեցին, որ այդ զրույցների միջոցով արդեն իսկ նրանց համար նկատելի են եղել առողջական լուրջ խնդիրներ և իհարկե հոգեբանական ծանր վիճակ: Հուսալքությունը խորանում է»,- ասել է Սիրանուշ Սահակյանը: