Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել
4/9/2025 21:22

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերացումներով։ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն՝ շտկումների և նոր բողոք ներկայացնելու համար տալով 10 օր։
«Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործով զեկուցող է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, իսկ բողոքը վերադարձվել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։