Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց

5/9/2025 20:38

«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկի Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։ Այսօր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում էր 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի կալանքի հարցը։ «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա տղային իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Նշենք՝ ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։ Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։