Հայաստանում նախատեսվում է Ռուբինյան-Քըլըչ հանդիպում

7/9/2025 14:16

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը։ Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ: Բանակցությունների ընթացքում կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնյաները կարող են քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը: