Այսօր կդիտվի Լուսնի ամբողջական խավարում
7/9/2025 15:37

Սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը։
Իսկ Լուսնի այս տարվա առաջին խավարումը դիտվել էր մարտի 14-ին:
Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։ Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի 19:28-ից մինչև 00:55։
Ըստ Ազիզյանի՝ երևույթն ընդհանուր կտևի 5 ժամ 27 րոպե, իսկ լրիվ փուլը՝ 1 ժամ 22 րոպե:
Այն տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։