Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

8/9/2025 18:49

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի մասով, նա կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։ Դատարանը նաև մերժել է Գլխավոր դատախազության բողոքը փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել Վերաքննիչի այսօրվա որոշման վերաբերյալ։ «Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։ Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ։ Միաժամանակ, իրավական այս աբսուրդի, քաղաքական հետապնդման և ճնշման պայմաններում առաջադրված 2-րդ աբսուրդային մեղադրանքի՝ փողերի լվացման և այլ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների դրվագներով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից և որով հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում նշված հանցանքների հետ առնչությունը: Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը հանուն արդարության՝ մեր ձևով»,– ասվում է հայտարարության մեջ։