Խոտերն այրելիս կինը այրվածքներ է ստացել և մահացել

10/9/2025 09:59

Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հրդեհի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջներն ու պարեկները կժամանեին՝ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի տարբեր հատվածների իննսուն տոկոսանոց այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ, պարզել են, որ տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Անահիտ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի ռեանիմացիայի բժիշկը հայտնել է, որ Վայոց Ձոր բժշկական կենտրոնից Գետափ գյուղում խոտեր այրելու հետևանքով «Ջերմային այրվածք բոցով, 3-րդ, 4-րդ աստիճանի, կրծքավանդակի, որովայնի, շեքի, թիկունքի, նստատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտավորապես 80 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք և ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Անահիտ Գ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։