Մայր Աթոռը քաղաքական շահարկումների վայր չէ

12/9/2025 12:38

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով,- գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։ Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։ Խստորեն դատապարտում ենք պատգամավորի այս պախարակելի արտահայտությունները և հորդորում քաղաքական գործիչներին զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից»,- գրել է նա: