Հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Պուտինի ակտիվ աջակցությամբ
12/9/2025 15:31

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ դժվար է գնահատել Ռուսաստանի ներդրումը հարաբերությունների կարգավորման գործընթացում, և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ աջակցությամբ։
Նա հիշեցրել է, որ Մոսկվայի անմիջական մասնակցությամբ 2020-2022 թվականներին հնարավոր է եղել հասնել եռակողմ համաձայնությունների` ամենաբարձր մակարդակով։ Դրանք բառացիորեն դադարեցրել են արյունահեղությունը և սահմանել խաղաղության գործընթացի հիմնական ուղղությունները։
Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»:
Արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրական պատկերացում, թե ինչպես է գործելու նախագիծը, հնարավոր է միայն դրա մանրամասներն ուսումնասիրելուց հետո:
«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, ՌԴ սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին»:
Բաքուն և Երևանը, ինչպես իրենք էլ նշեցին, շատ անելիքներ ունեն. մասնավորապես՝ հաղթահարել մնացած տարաձայնությունները, ստորագրել խաղաղության պայմանագիր, արդարացի հիմունքներով ավարտել սահմանի սահմանազատումը և սահմանգծումը, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները և դա անել այնպես, որ բխի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի խոշորագույն քաղաքական և տնտեսական հարևանների շահերից։ Դրանց թվում են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան,- նշել է ԶԱխարովան:
Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասին վերաբերող այլ թեմաների քննարկման լավ հարթակ է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը. «Մենք ակնկալում ենք, որ մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կձեռնարկեն ակտիվ քայլեր՝ արագ համաձայնեցնելու այս հարթակի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը և ժամկետները։ Մեր կողմից մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը մեր գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։