Վրաերթից 56-ամյա կինը մահացել է
15/9/2025 12:32

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն.-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: