Այս ամենը քաղաքական պատվեր է
15/9/2025 18:21

Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում է այսօրվա իշխանությունների կողմից բացահայտ և անթաքույց, որը մտնում է հակաեկեղեցական իրենց քաղաքականության մեջ,- դատարանում իր ճառի ընթացքում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:
«Ինչի՞ համար եմ ես այստեղ: Արդեն ասվել է, որ այս ամենը քաղաքական պատվեր է և այն գնում-հասնում է 2018 թ, երբ Փաշինյանը ասաց՝ դառնում եմ վարչապետ, ասացի՝ չեղավ: Այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ, նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, երբ որ իրենց հույսն այն էր, որ ես պիտի ոչ միայն հեղինակեմ այդ շարժումը, այլ պիտի միանամ և այլն և այլն: Եղավ հակառակը, և այդ ժամանակվանից սկսած՝ այս իշխանության աչքի փուշը դարձանք»,- ասել է նա:
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել Սրբազանն ասել է՝ մեծ խանդավառությամբ քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։
«Նա նշեց, որ Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին, ինձանից շատ ո՞վ է հարցազրույց տվել հոգևորականներից»,- հայտարարել է Սրբազանը: