Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը
16/9/2025 15:39

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի: