Հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ

19/9/2025 09:45

Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր հանրապետության մի շարք շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ,- գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ «Տեղումնաբեր ամենաակտիվ գոտին Հայաստանում կլինի սեպտեմբերի 19–ին հետկեսօրյա ժամերին։ Այսպիսով, այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին գրեթե հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, պորթկումները մինչև 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Այս ցիկլոնը իր հետ հյուսիս-արևմուտքից բերում է արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ուստի վաղը ցերեկային ժամերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 8-ից 12 աստիճանով, բայց սեպտեմբերի 20-ից ցերեկը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։