Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է․ ԵՀ նախագահ

3/10/2025 18:13

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշանակալից է որակել իր զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի է ունեցել Դանիայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Մենք շնորհավորել ենք Հայաստանին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ նախագահ Թրամփի աջակցությամբ ձեռք բերված նշանակալի առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք վճռական ենք խորացնել մեր համագործակցությունը։ Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ «Գլոբալ դարպաս» նախագծի միջոցով կողմերը կամրապնդեն տարածաշրջանային կապը, որը ներառում է առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային տեխնոլոգիաները։ «Մենք անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովին»,- նշել է նա։