Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է

6/10/2025 21:38

Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է եկել,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթև Սողոյանը։ «Հրմշտոցից հետո նա իր կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո` 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է»,– ասել է փաստաբանը։ Նա ընդգծել է` ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։ «Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել, ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ ծառայողների ուղղությամբ»,– ասել է Սողոյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել են Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանը։ Նրանք արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների այն հարազատներից են, ովքեր սեպտեմբերի 29–ին հանդիպում էին պահանջում ՊՆ մի քանի պաշտոնյայի հետ։ Անհետ կորածների հարազատներից մեկը` Բագրատ Ուզունյանը, լրագրողների հետ զրույցում նշեց` տեղեկություն ունեն, որ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։