Փաշինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

14/10/2025 19:14

Փաշինյանն ընդունել է ֆրանսիական ALAN թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան–Շառլ Սամուելյանին և Flagship Pionerring ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Կառավարությունն աստիճանաբար մոտենում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Կարևորելով առողջապահության ոլորտում համապարփակ բարեփոխումները՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ հանրության համար։ Ժան–Շառլ Սամուելյանը ներկայացրել է ALAN թվային առողջապահության համակարգի գործունեությունը, հնարավորություններն ու առավելությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու բարելավմանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է առողջապահական ոլորտի լիարժեք թվայնացումն ու ծառայությունների արդյունավետության բարձրացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել երկխոսությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ փոխգործակցության ուղիները հստակեցնելու նպատակով։