Հոգևորականների մի մասին իբր ազատ են արձակել

15/10/2025 13:04

Բերման ենթարկված հոգևորականներից մի մասին ազատ են արձակել, բայց նրանք դեռևս Քննչական կոմիտեից դուրս չեն եկել,- NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ «Փաստաբաններով գտնվում ենք Երևան քաղաքի Քննչական վարչության դիմաց։ Անհայտացել է Արագածոտնի թեմի առաջնորդը։ Մնացած սարկավագները, քահանաները, վկայի կարգավիճակով հրավիրվել են վարչություն։ Բերման էին ենթարկվել, բայց հետո քննիչները ծանուցագրեր տվեցին, իբր մի մասին ազատ արձակեցին, բայց դեռ շենքից դուրս չեն եկել։ Հիմա սպասում ենք Մկրտիչ Սրբազանին։ Իրենք ազատության սահմանափակում այս պահին չունեն, բայց գտնվում են ներսում վկայի կարգավիճակով։ Իսկ Մկրտիչ Սրբազանն այս պահին կորել է։ 2,5 ժամ ժամ առաջ խուզարկությունը վերջացել է, քննիչը դուրս է եկել Մկրտիչ Սրբազանի հետ ու այլևս տեղեկություն չունենք»,- նշել է փաստաբանը։ Ֆարմանյանի խոսքով՝ մյուս անձանց խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։