«Nissan»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ին բախվել են միմյանց

16/10/2025 20:45

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18 շենքի մոտ բախվել են «Toyota», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են «Toyota»-ն և «Nissan»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ չեն տուժել։ «Nissan»-ի վարորդը եղել է ավտոլվացման կետի աշխատակից։ «Nissan»-ի սեփականատերը իր ավտոմեքենան բերել էր լվացման կետ, իսկ աշխատակիցը մեքենան լվանալուց հետո ասել էր, որ տանում է անիվները փչելու, սակայն տեղի է ունեցել վթարը։ Իսկ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը կին է, եղել է կայանված։