Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը տեղում են

17/10/2025 20:59

«Հայաստան»‎ խմբակցության պատգամավոր, գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին,- այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Հիշեցնեմ, որ մինչ այս փակ էին տեսակցությունները Բագրատ Սրբազանի հետ, և մենք հնարավորություն ունեինք այցելելու միայն Միքայել Սրբազանին։ Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին։ Սրբազանները տիրապետելով մի քանի լեզվի՝ օրվա մեծ մասը տրամադրում են ընթերցանությանը և աղոթքներին։ Չնայած իշխանությունների կողմից շարունակվող հակաեկեղեցական քայլերին և քաղաքականությանը՝ նրանք վստահ են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման։ Իշխանությունների ճղճիմ քայլերից ակնհայտ է դառնում հոգևորականների դեմ շինծու գործեր հարուցելու իրական նպատակը։ Թիրախում եկեղեցին է՝ որպես ազգային կուռ կառույց, նպատակը՝ Վեհարանի գրավումը։ Հատկապես ազդեցիկ հոգևորականներին կալանավորելով՝ իշխող խմբակը փորձում է ավելի հեշտությամբ հասնել այդ նենգ նպատակին։ Մի բանում համոզված ենք․ մեր ժողովրդի անսասան հավատն ու սերը ազգային եկեղեցու նկատմամբ դա թույլ չեն տալու»,- գրել է նա։