Ձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
17/10/2025 22:34

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ից
«Փաստինֆո»-ին հայտնել են, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներով նոր ձայնագրություն է շրջանառվել՝ Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Ակնհայտ է, որ այս ձայնագրությունը շրջանառության մեջ է դրվել Վեհափառի դեմ քրեական գործ երկնելու համար, որպիսի սցենար նախկինում մի քանի անգամ օգտագործվել է. նախ իշխանական ԶԼՄ-ները ինչ-որ նյութ են տարածել, որին հաջորդել է քրեական վարույթն ու ձերբակալությունը։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ նշված ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։