ԿԸՀ նիստում բաշխվել է Վաղարշապատի ընտրություններում մասնակից ուժերի հերթական համարները

18/10/2025 11:21

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում իրականացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքի միջև վիճակահանություններ՝ հերթական համարներ տրամադրելու համար։ Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։ Այսպիսով, Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունները, ըստ վիճակահանության արդյունքների, հանդես կգան այս թվերի ներքո․․․․ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-1 «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3 «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4 «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5 «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-6 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7 «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-8 Նիստի ընթացքում իրականացված վիճակահանությամբ բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ։ Նշենք, որ վահանակների թիվը երկուսն է, բաշխվել է «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔի և ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջև։ Հանձնաժողովը փոփոխություն է կատարել նաև ԿԸՀ 2025 թվականի մարտի 27-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։