Թունավորման ախտանիշերով երեխաներ են հոսպիտալացվել

19/10/2025 10:46

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Մ․-ն, 14-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և 15-ամյա Տ․ Ջ․-ն։ Պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, թունավորվել են մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։