Մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր
19/10/2025 19:32

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ հոգևոր թափորը Մայր տաճարում մասնակցում է երեկոյան ժամերգությանը։ Հազարավոր ուխտավորների համար Մայր տաճարում այսօր երեկոյան ժամերգությունն անցկացնում է կաթողիկոսը։
Վեհափառը օրհնել է Մայր տաճարի մոտ հավաքվածներին, որոնք վանկարկում էին «Վեհափա՜ռ»։
«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով և կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Թող տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև։
Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ լինելով մեր ազգի շահերի պաշտպանությանը։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն, որ ազատ արձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը»,- Մայր տաճարում Միասնական աղոթքի ժամանակ ասել է Վեհափառ Հայրապետը։
Վեհափառ հայրապետը նշել է, որ այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։