«Մեր ձևովը» կանգ չի առնելու
19/10/2025 22:40

Տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու,- NEWS.am–ի հետ զրույցում շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես է արձագանքել «Հրապարակի» տեեկություններին, որ երեկվա հանրահավաք–երթից հետո իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել։
«Ինձ չի զարմացնում Ձեր հարցը։ Դա Իշխանությունների ձեռագիրն է։ Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել։
Նման էժանագին հնարքներով նրանք պարզապես վիրավորում են հրապարակ եկած մեր տասնյակ հազարավոր ազնիվ քաղաքացիների արժանապատվությունը։ Իշխանությունների անհանգստությունը հասկանալի է` երկրում այդքան սպասված փոփոխությունների հույսը հասարակությունը կապում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման հետ և մենք արդարացնելու ենք այդ հույսերը։
Այնպես, որ տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու»,– ասել է նա։