Երևան-Գյումրի ողջ մայրուղին ստորաբաժանումներ տեղափոխող մեքենաներ են

20/10/2025 14:08

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ պատգամավոր գործընկերների հետ շտապում է Գյումրի։ «Երևան-Գյումրի ողջ մայրուղին ԱԱԾ և ոստիկանության ստորաբաժանումներ տեղափոխող ավտոբուսներ և բեռնատարներ են։ Թերևս իշխանությունները անակնկալի են եկել գյումրեցիների պոռթկումից ու բողոքից...»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է եղել, նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։