Կարգալույծ է հռչակվել Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025 14:12

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: