Չախոյանին բռնnւթյան ենթարկածներից մեկը է եղել ապօրինի շինարարություն իրականացրածի որդին
21/10/2025 16:39

Երևանի քաղաքապետարանի գործունեությունը քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել։ Բռնության դեպքը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարական շրջանի Բաղյան փողոցում, որտեղից օրեր առաջ ակտիվիստը տեսանյութ էր հրապարակել՝ քաղաքային իշխանություններին մեղադրելով անգործության մեջ (համայնքային հողի զավթումը չկանխելու եւ ապօրինի շինարարությունը չկասեցնելու համար)։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
«Ես Բաղյան փողոցի նույն հասցեում տեսանյութ էի նկարում համայնքային հողի զավթման եւ ապօրինի շինարարության վերաբերյալ, երբ տարածքի սեփականտերը փորձել է խաչընդոտել նկարահանմանը։ Սկզբում սադրել են»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց ակտիվիստը՝ նշելով, որ սադրանքից հետո մոտ 7 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրեն, որի ժամանակ գողացել են նրա բջջային հեռախոսը։ Արթուր Չախոյանը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ցուցմունք է տվել կատարվածի վերաբերյալ, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ իր տեղեկություններով՝ մեկ անձ ձերբակալվել է։ Ըստ Արթուր Չախոյանի՝ ձերբակալվածը տարեց տղամարդ է։
Ապօրինի կառուցապատման մասին Արթուր Չախոյանը բարձրաձայնել էր նախորդ շաբաթ։ Երեւանի Նոր Նորք վարական շրջանի աշխատակազմի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող՝ Բաղյան փողոց 2/5 հասցեում առանց շինթույլտվության կառուցվել է գյուղատնտեսական շուկա։ Կառուցապատողը, ըստ ակտիվիստի, շինթույլտվության համար համայնքի բյուջե չի վճարել մոտ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կառուցապատողը տվյալ տարածքում սեփականության իրավունքով ունեցել է 436 քմ հողամաս, սակայն շինարարությունն իրակնացրել են 936 քմ հողամասի վրա։ Արդեն կառուցված շինության երկարությունը, որը զուգահեռ է Բաղյան փողոցին՝ 35.3 մետր է, իսկ լայնությունը՝ 26.5 մետր։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողամասի լայնությունը՝ մոտ 16 մետր, երկարությունը՝ մոտ 25 մետր։