Ողբերգական վթար՝ Շիրակում, զոհ կա

22/10/2025 09:58

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20։46-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Gaz-3110» մակնիշի մարդատար և «Gaz-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, վերջինս հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել երթևեկելի հատվածից դուրս․ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Վարորդները և բեռնատարի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս բերել դին, այնուհետև քարշակման եղանակով երթևեկելի հատվածից դուրս բերել բեռնատարը։ Ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի: