ՓՊ-ն՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
22/10/2025 22:39

Զանգվածային լրատվության միջոցներով 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկություններ են տարածվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալության մասին․ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Փաստաբանների պալատը։
«Այդ մասին, չնայած անհապաղ տեղեկացնելու օրենսդրական պահանջին, վարույթն իրականացնող նախաքննական մարմինը Փաստաբաններին պալատին հայտնել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին:
Միաժամանակ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի պաշտպանները տեղեկություններ են տրամադրել, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Պաշտպանները նշել են, որ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվում փաստաբանի մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացված օրինական գործողությունների կապակցությամբ: Մասնավորապես, Ռուբեն Մխիթարյանն այցելել է Գյումրու համայնքապետարան այնտեղ գտնվող անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար՝ կապված տեղում իրականացվող դատավարական գործողությունների հետ: Այնուհետև համայնքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև հրմշտոց է սկսվել, Ռուբեն Մխիթարյանը կանգնել է նրանց միջև ձեռքերը վերև պարզած վիճակում՝ չթույլատրելու համար իրավիճակի հետագա սրումը և հանդարտեցնելով կողմերին: Այդ ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ փաստաբանն արգելանքի է վերցվել և տեղափոխվել ոստիկանության ավտոմեքենա: Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ փաստաբան է և միայն փորձել է կանխել ոստիկանների կողմից անձանց նկատմամբ բռնություն կիրառելը:
Ներկայացվել են նաև նշված ընթացքն արձանագրած լրատվական միջոցների տեսանյութերը:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2025թ. հոկտեմբերի 22‑ին քննարկել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների հարցը:
Հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և մասնագիտական հեղինակության համատեքստում:
Ինչպես նախկինում, Հանձնաժողովը միարժեքորեն ամրագրել է՝ դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ:
Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Սա պահանջում է պետությունից ապահովել միջավայր, որ փաստաբաններն իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարեն սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում:
Հանձնաժողովը վերահաստատում է՝
փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար:
Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:
Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված և միջնորդված հարկադրանքի միջոցներին՝ Հանձնաժողովը վերահաստատում է, փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա:
Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:
Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:
Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը:
Նշված չափանիշներից ելնելով՝ քրեական վարույթի հանրային մասնակիցները պետք է առավելագույն հաշվետու լինեն փաստաբան Ռուբեն Մխիթարյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորելու հարցում:
Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեն, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվի, որ քրեական վարույթը չի կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվի ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:
Միաժամանակ, իրավիճակը գնահատելով անկախ փաստաբանական գործունեությունը սահմանափակող և հարվածի տակ դնող վերջերս տեղի ունեցող գործընթացների համատեքստում՝ Հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում պետության ներկայիս շարունակվող գործելաոճի առնչությամբ և կրկին շեշտում, որ այն չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։
Ամփոփելով վերոգրյալը՝
Հանձնաժողովը՝
- ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իր օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կարող է լինել կալանավորումը.
- ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին մանրամասն քննության ենթարկել Ռուբեն Մխիթարյանի և նրա պաշտպանների հաղորդումները փաստաբանի մասնագիտական գործունեության և իրավաբանական օգնություն տրամադրելու շրջանակներում ձերբակալվելու մասին.
- ՀՈՐԴՈՐՈՒՄ Է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ձեռնպահ մնալ փաստաբանական գործունեության անկախությունը, մասնագիտական գործունեության ազատությունը վտանգող և փաստաբանի մասնագիտության հեղինակությունն խաթարող հետագա գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ: