Մայր Աթոռում տեղի ունեցավ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի բացման արարողություն

23/10/2025 13:17

Հոկտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում բացվեց բարեհիշատակ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանը, որի հաստատման նախաձեռնությունը կյանքի կոչվեց մեծանուն հայորդու դուստերի՝ Շամիր Ավագյան Չիլինգիրյանի և Անի Սրմաքեշ Չիլինգիրյանի օժանդակությամբ և ազնիվ ջանքերով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Գրադարանը պարունակում է Հովհաննես Չիլինգիրյանի հնատիպ գրքերի հավաքածուն։ Գրադարանի հանդիսավոր բացումը սկսվեց Տերունական աղոթքով։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը Տեր և Տիկին Հակոբ և Շամիր Ավագյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։ Մեծարյալների կյանքին, ազգօգուտ ու հայրենանվեր գործունեությանն անդրադարձավ տիար Ռուբեն Միրզախանյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակ ը և շքանշանները: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Մեծարգո պարոն Հակոբ Ավագյան, ․․․Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի հանդէպ սերը Ձեր հոգում՝ Դուք Ձեր սիրելի Տիկնոջ՝ Շամիրի հետ միասին կարևոր օժանդակություն բերեցիք Մայր Աթոռի հովանու ներքո «Ռուբեն Սևակ» թանգարանի հաստատմանը, որտեղ ներկայացված են Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեծանուն հայորդու արխիվային նյութերն ու անձնական իրերը, ինչպես նաև բարեհիշատակ Հովհաննես Չիլինգիրյանի գեղանկարչական մեծարժեք հավաքածուն: Թանգարանը նոր հնարավորություն է ընձեռել Սուրբ Էջմիածնի այցելուներին ու ուխտավորներին՝ ծանոթանալու մեր ժողովրդի շնորհաշատ զավակների բարձրարվեստ ստեղծագործություններին ու հայ մշակույթի գանձերին: Դուք գովարժան ներդրում ունեք Մայր Աթոռում Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի հիմնադրման գործում, որը ազնիվ փափագն ու ցանկությունն էր եկեղեցասեր հայորդու: Հայրենիք փոխադրված և Գևորգյան հոգևոր Ճեմարանի Կոմիտասյան սրահում հանգրվանած հնատիպ հարուստ գրականությունը հասանելի պիտի լինի մեր հոգևորականներին ու ճեմարանի սաներին և ծառայի նրանց կրթության ու պատրաստության գործին: Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ՝ գորգերի Ձեր անձնական մեծարժեք հավաքածուն Սուրբ Էջմիածնին ընծայաբերելու պատրաստակամության համար, որոնցից մի մասն արդեն իսկ փոխանցել եք Մայր Աթոռին: Ուրախ ենք մեծապես, որ Ձեր օժանդակությամբ Սուրբ Էջմիածինը պիտի օժտվի նաև հայկական գորգերի թանգարանով՝ ի ցույց դնելով մեր ժողովրդի գորգագործության հարուստ ավանդներն ու ժառանգությունը»: Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերար ամոլին հանձնեց Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանը` վերստին բերելով Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները: Ընտանիքի անունից Նորին Սրբությանն իր երախտիքի ու սրտի խոսքը հղեց տիկին Շամիր Ավագյանը։ Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները։ Վերջում հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով։