Լիլիթ Մկրտչյանը՝ մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

23/10/2025 19:44

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից նաև հայտնեցին, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։