Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին

23/10/2025 20:58

Իշխանությունը շարունակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հարձակումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը: «Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են հետևյալ հաղորդումները և դիմումը. 1. Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն: Բայց ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է: ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը հանցագործություն է համարում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը: 2. Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ: Իրենց գործողություններով Ստեփան Ասատրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է: 2025թ. հոկտեմբերի 26-ի պատարագի կատարումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից խոչընդոտելու նախապատրաստությունը դրսևորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն-հրավեր տալու, այդ օրվա պատարագին միայն «տեր Արամից» հաղորդություն ընդունելու պնդման, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականներին սպառնալու միջոցով, իսկ Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու տարածքն ազատելուց հրաժարվելու և պատարագ անցկացնելու հրավեր ու պնդում կատարելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակին նշված անձինք կհասնեն, եթե իրավապահ մարմինները միջոցներ չձեռնարկեն: 3. ՆԳՆ ոստիկանությանը ներկայացվել է դիմում ներխուժումը կանխելու վերաբերյալ: Ի թիվս այլ պահանջների՝ պահանջվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցու՝ ատյանից, խորանից, ավանդատներից և այնպիսի վայրերից, որոնք նախատեսված են բացառաբար Եկեղեցու սպասավորների համար, վտարել Ստեփան Ասատրյանին»,- գրել է նա: