Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվել է

27/10/2025 23:13

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը․ այս մասին գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Միքայել Արզումանյանը կալանավորված էր արդեն 3 տարի։ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականը, ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում, անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետեւանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր եւ վիրավորներ։ Ըստ հաղորդագրության՝ Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում՝ 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։ Իրավապահների պնդմամբ, մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 6-ը Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։