Ռոբերտ սարկավագը որևէ կապ չունի Մայր Աթոռի միաբանության հետ

29/10/2025 18:18

«Կիրակի օրը Հովհաննավանքում մատուցված «պատարագի» մասնակից սարկավագներից և դպիրներից միայն մեկին եմ ճանաչում հեռակա կարգով, մյուսներին ընդհանրապես չեմ ճանաչում, չգիտեմ նրանք ձեռնադրվա՞ծ են դպիր կամ սարկավագ, թե ոչ»,- այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Միայն Ռոբերտ սարկավագին գիտեմ, որը որևէ կապ չունի եկեղեցու և Մայր Աթոռի միաբանության հետ։ Նա վաղուց դուրս է եկել Մայր Աթոռի միաբանությունից։ Նա ճեմարանում կիսատ էր թողել կրթությունն ու մեկնել արտերկիր»,– ասել է տեր Եսային՝ նշելով, որ պարզ է՝ «պատարագին» մասնակիցներից շատերը քաղաքացիական անձինք են եղել։ Խոսելով այն մասին, որ կարգալույծ քահանան հերքում է Տեր Սարգիսի խոսքերն այն մասին, որ նա փոխել է եկեղեցու փականները, Տեր Եսային ասել է. «Եթե Տեր Սարգիսն ասում է, որ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականները և բանալիներն էլ միայն իր մոտ է պահում, ես վստահում եմ նրան։ Բայց փականները փոխելն այսօրվա միակ խնդիրը չէ։ Վանական համալիրն օկպուպացված է իրավապահների կողմից, և ամբողջ համալիրը սպասարկում է կարգալույծ հոգևորականին։ Եկեղեցու փականը փոխելը հարցի երկրորդ կողմն է։ Հովհաննավանքի գործունեությունն ամբողջությամբ խախտված է։ Տարբեր հավատացյալներ զանգում են մեզ, որովհետև ունեն Հովհաննավանքում գրանցված ծեսեր և չգիտեն՝ գնալ, թե չգնալ այնտեղ։ Մարդիկ ուխտ են արել Հովհաննավանքում կատարել իրենց պսակադրությունը, այսօր այդ հնարավորությունից զրկված են, քանի որ գիտեն, որ այնտեղ կարգալույծ հոգևորական է ծես կատարում»։