Անվերապահորեն զորակցում ենք Վեհափառին

29/10/2025 20:19

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները խոր մտահոգությամբ հետևում են Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունեցող անցանկալի և մտահոգիչ զարգացումներին։ Այս մասին հայտարարություն են տարածել հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները։ «Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է և շարունակում է մնալ մեր քրիստոնեական հավատքի, հայ հոգու, ինքնության և ազգային միասնականության ամուր հենարանը։ Մեզ համար անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը։ Տագնապով ենք հետևում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից հոգևորականների դեմ հարուցվող քրեական գործերին։ Արդարությունը, թափանցիկությունը և փոխադարձ սերը եղել են և մնալու են մեր քրիստոնեական հավատքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները. «Ճշմարտությունը կազատի ձեզ․․․» (Հովհաննեսի Ավետարան 8.32)։ Մեր հորդորն ու ակնկալիքն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջնորդվեն արդարության, անաչառության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներով։ Ինչպես միշտ՝ հատկապես այս դժվարին օրերին, մեր հոգևոր եղբայրների և հավատացյալների կողքին, միասնականորեն և անվերապահորեն զորակցում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ շարունակելու իր սրբազան առաքելությունն ու ծառայությունը ի Հայաստան և ի սփյուռս։ Թո՛ղ Տերը Ողորմության հեռու վանի մեզանից ամեն տեսակ պառակտում և թշնամանք։ Աղոթում ենք առ Աստված, որպեսզի մեր մեջ տարածվի սերը, հույսը, հավատքը և միասնականությունը՝ ի շահ մեր ժողովրդի և պետության ամրապնդման։ Ինչպես Պողոս Առաքյալն է հորդորում. «Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (Ա Կորնթացիներ 16.14)»,- ասված է հայտարարության մեջ։