Իշխանությունը կանոնակարգված առաջ է շարժվում
30/10/2025 10:22

Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, ովքեր արտաքուստ չեզոք/պասիվ կեցվածք են ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ և կանոնակարգված առաջ է շարժվում, թիրախում պահելով նախկին նախագահներին, Մայր Աթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց, ղեկավարներին:
Որքան իշխանությունը փորձում է «անտեսելու տալ» Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է` աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում:
Փաշինյանը մշտապես գործում է վա բանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված, ատելություն և թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում»,-գրել է Աբրահամյանը։