Ունենք խաղաղություն, և դա իրականություն է
30/10/2025 10:23

Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը:
Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով, Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ «Ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Որովհետև կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ, և ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաև բարգավաճ տարածաշրջան։
Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը՝ հիմված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաև մեկ այլ սկզբունք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է TRIPP նախագծին և կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։
«Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե Հայաստանը, թե Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհը ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- շեշտել է Փաշինյանը` ավելացնելով, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։
Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության և կայունության համար։ «Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին»,- նշել է վարչապետը։
Այնուհետև վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ ևս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: