Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

30/10/2025 17:30

Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը: «Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն»,- նշված է հայտարարության մեջ: