Ալիևը Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա 
31/10/2025 12:51

Ադրբեջանական Caliber.Az պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին,- գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Աղբյուրի ձևակերպմամբ՝ 
«Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։ 
Caliber.Az-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, և նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։ 
Այստեղ ուղերձը հստակ է․ Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած և ակնարկում է, որ Փաշինյանը դեռ «տնային աշխատանք» ունի կատարելու՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ 
Մինչ Փաշինյանը ներսում և դրսում ներկայացնում է «հաստատված խաղաղության» պատրանքը, Բաքուն շեշտում է, որ «առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին»։ 
Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ՝ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին՝ ընդունել Բաքվի թելադրած պայմանները։ 
Միաժամանակ Բաքուն ձևավորում է այն ընկալումը, թե խաղաղության գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունը մնում է բացառապես Երևանի վրա։ 
Ըստ էության, Ալիևը այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները։ 
Սակայն այդ «հանգիստը» լինելու է ժամանակավոր․ Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո՝ արդեն պայմանագրի ստորագրման կամ պարտավորությունների կատարման փուլում։ 
Այսպիսով, Ալիևը պահպանում է ճնշման լծակները՝ ժամանակավորապես ստեղծելով խաղաղության պատրանք, որը ընտրություններից հետո կարող է վերածվել նոր պարտադրանքների և պահանջների շղթայի»,- գրել է նա: