Վեհափառն ընդունել է Շիրակի և Արթիկի թեմերի հոգևոր սպասավորներին
31/10/2025 14:26

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Շիրակի և Արթիկի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի։ 
Այս մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ:
Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ մտահոգությամբ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին և ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը։
Հայոց Հայրապետը պատգամեց, որ ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականները, առ Աստված նվիրումի և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ, շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը՝ առավել արդյունավորելով հավատացելոց հոգևոր խնամքը, զորացնելով աղոթական կյանքը և գոտեպնդելով ժողովրդին հավատով, հույսով ու սիրով։